ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 քաղաքացու նկատմամբ

Մայիսի 22-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 ֆիզիկական անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների հետ կապ ունենալու և Եմենի հութիներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկայացրել էր Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականությունը։ Պետքարտուղարը 12 պահանջ է ներկայացրել Իրանին, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ: Նախապայմանների չկատարման պարագայում Վաշինգտոնը «աննախադեպ պատժամիջոցներով» է սպառնում։

Պոմպեոն նշել էր, որ ԱՄՆ-ն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության պահպանման համար։ Պատժամիջոցների մեղմացում, ըստ Պոմպեոյի, կլինի միայն ժամանակ, երբ Իրանը փոխի իր քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել է նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Մայիսի 10-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը առնչակից 6 անձանց և վերջիններիս հետ կապ ունեցող 3 ընկերության նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *