«Իսլամական պետության» «բյուջեն» 2014թ. համեմատ 4.5 անգամ նվազել է

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ֆեոկտիստովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «բյուջեն» 2017 թ. կազմել է 400 մլն դոլար: 2014 թ. ԻՊ միջոցներն անհամեմատ ավելի շատ էին՝ 1.8 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Այս մասին ՌԴ ԱԳՆ նոր սպառնալիքների և մարտահրավերների հարցերով դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Ֆեոկտիստովը հայտնել է Նյու Յորքում ամերիկացի պաշտոնյաների հետ անցկացվող քննարկումների ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում:

Ռուսաստանի և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են միջազգային ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հարցեր: Ռուսաստանյան կողմը ներկայացրել է «Իսլամական պետություն» և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ. (արխիվ)

2014 թ. ԻՊ «բյուջեն» իր գագաթնակետին էր հասել՝ շնորհիվ Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքների, այդ թվում՝ խոշոր քաղաքների վերահսկողության (նույն հատվածում ԻՊ-ն զգալի եկամուտներ էր ստանում նաև նավթով հարուստ շրջանների վերահսկումից՝ խմբ.): Այժմ, ռուսաստանյան կողմի տեղեկություններով, ԻՊ եկամուտները հիմնականում գոյանում են զենքի, թմրանյութերի, մարդկանց առևտրից, համակիրների «նվիրատվություններից»:

Զգալիորեն կրճատվել է ԻՊ «զինծառայողների աշխատավարձը». եթե 2014 թ. նրանք ստանում էին շուրջ 1500 դոլար, ապա այժմ 90%-ով ավելի քիչ գումար (ըստ այս տվյալների՝ շուրջ 150 դոլար): Սակայն ԻՊ-ն շարունակում է գումար վճարել սպանված ահաբեկիչների ընտանիքներին:

Ըստ ռուսաստանյան կողմի՝ սա դեռ չի նշանակում, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այլևս մեծ վտանգ չի ներկայացնում: Այն ներկայում ուժեր ունի Լիբիայում, Սինայի թերակղզում, Հյուսիսային Աֆղանստանում, Ֆիլիպիններում, այլ տեղերում (կոչվում են «վիլայեթներ»՝ «խալիֆայության նահանգներ»): ԻՊ անդամները վերջին շրջանում հատկապես ակտիվանում են Աֆղանստանում՝ «Խորասանի վիլայեթում»:

Պակաս վտանգավոր չէ նաև «Ալ-Կաիդան», որի ֆինանսավորումը կրկին աճում է և արդեն գերազանցում է ԻՊ ֆինանսավորումը:

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում. (արխիվ 2017թ.)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *