ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է Իրանի նկատմամբ նոր քաղաքականությունը

Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջ է ներկայացրել Իրանին, որոնց կատարման դեպքում ԱՄՆ պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ: Նախապայմանների չկատարման պարագայում Վաշինգտոնը «աննախադեպ պատժամիջոցներով» է սպառնում։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության պահպանման համար։ Պատժամիջոցների մեղմացում, ըստ Պոմպեոյի, կլինի միայն ժամանակ, երբ Իրանը փոխի իր քաղաքականությունը։

ԱՄՆ պետքարտուղարը Իրանից մասնավորապես պահանջել է.

  • Չհարստացնել ուրան, պլուտոնիում,
  •  չաշխատացնել ծանրի ջրի ռեակտորը,
  • ՄԱԳԱՏԷ-ին երկրի ցանկացած օբյեկտ մտնելու թույլտվություն տալ,
  • չաջակցել «Հեզբոլլահին», ՀԱՄԱՍ-ին, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումներին, հութիներին,
  • Սիրիայից դուրս բերել Իրանի հրամանատարությամբ գործող ուժերը,
  • հարգել Իրաքի կառավարության սուվերենությունը,
  • դադարեցնել բալիստիկ հրթիռների արտադրությունը և այլն։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Պոմպեոյի հայտարարությունները Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն  է անվանել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել էր նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Մայիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ կիրառվելիք ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական  ընկերությունները պաշտպանելու համար սկսել է «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելելու է կատարել ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *