Մայիսի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Բահրեմ Ղասեմին արձագանքել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հայտարարությանը, առ այն, որ Սիրիայում գտնվող օտարերկրյա ռազմական ստորաբաժանումները այդ թվում՝ իրանական, պետք է լքեն Սիրիան։Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ղասեմին հայտարարել է, որ Սիրիայում Իրանի ներկայությունը այդ երկրի կառավարության ցանկությամբ է, և Իրանը կշարունակի օգնել Սիրիային այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։
«Որևէ մեկը չի կարող Իրանին ստիպել ինչ-որ բան անել, Իրանը անկախ երկիր է, որի քաղաքականությունը աշխարհում և տարածաշրջանում իսլամական հանրապետության ազգային շահերի հիման վրա է», ” ասել է Ղասեմին»։
Ըստ Ղասեմիի՝ Սիրիան պետք է լքեն նրանք, ովքեր առանց Սիրիայի կառավարության համաձայնության են մտել այդ երկիր։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում գտնվող արտասահմանյան ՝ ամերիկյան, թուրքական, իրանական զորքերը և «Հեզբոլլահը» պետք է լքեն Սիրիան։ Ըստ Լավրենտիևի խոսքը ռուսական զորքերի մասին չէ։
Նշենք, որ Իրանը ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի դաշնակիցն է։ Սակայն Իրանը հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այդ երկրում։ Իրանի պնդմամբ՝ Սիրիա են ուղարկվում միայն ռազմական խորհրդականներ և կամավորներ։