Սիրիայի բանակը ԻՊ զինյալներից ազատագրել է պաղեստինցի փախստականների ճամբարը

Մայիսի 21-ին Սիրիայի կառավարական բանակը ազատագրել երկրի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուք» ճամբարը: Դրա մեծ մասը վերահսկում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին:

«Սիրիայի բանակը ազատագրել է Դամասկոսից հարավ «Յարմուք» ճամբարը և այնտեղ կախել է սիրիական դրոշը», – նշվում է աղբյուրում:

Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 6-ին, Յարմուք ճամբարի տարածքից դուրս են բերվել տարբեր խմբավորումների շուրջ 2500 զինյալ և նրանց ընտանիքների անդամները:

ԻՊ զինյալները Դամասկոսի հարավում Սիրիայի բանակի բժշկական տարհանման մեքենա են խոցել. 15.05.2018

ԻՊ զինյալները Դամասկոսի հարավում Սիրիայի բանակի բժշկական տարհանման մեքենա են խոցել. 15.05.2018

«Յարմուք» ճամբարը ստեղծվել է դեռևս 1957 թվականին: 2015-ի ապրիլի սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավել են պաղեստինյան ճամբարի մեծ մասը: Այդ շրջաններում ուժեղ բախումներ են եղել նաև ԻՊ-ի և «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման միջև:

Սիրիայում հակամարտության կարգավորման համար գործում է 2 հարթակ՝ Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայի բանակցությունների ընթացքում կողմերը եկել են համաձայնության Սիրիայում 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ: Բանակցությունների վերջին՝ 9-րդ, փուլը անցկացվել է մայիսի 14-15-ին: Որոշվել է հաջորդ հանդիպումը անցկացնել Սոչիում:

Սիրիայում գործում է 4 «ապաէսկալացման գոտի»։ Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:

Աստանայում բանակցությունների և Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրներն են համարվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *