Թուրքիայում պայթյունի արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող

Մայիսի 20-ին Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողու Բայազեթ գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK):Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ զինծառայողները ուղևորվում էին սահման հերթապահություն իրականացնելու համար: Թուրք ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են սկսել:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնում է, որ մայիսի 10-17-ը PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 զինծառայող, վիրավովել 5-ը:

Թուրք-քրդական բախումները Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանությունը:

Բացի Թուրքիայի տարածքից, Թուրքիայի օդուժը նաև պարբերաբար հարվածում է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում: Թուրքական բանակը երբեմն Իրաքի հյուսիսում՝ անմիջապես Թուրքիային սահմանակից լեռնային հատվածներում, իրականացնում է նաև փոքրամասշտաբ ցամաքային գործողություններ:

2018-ի հունվարից Թուրքիան քրդական ուժերի դեմ գործողություններ սկսեց նաև Սիրիայի Աֆրին շրջանում: Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ին համարում է PKK-ի «սիրիական թև և նույնպես ահաբեկչական կառույց»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *