Մայիսի 16-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասնովը և Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր: Առանձնակի ընդգծվել է, որ «կողմերը դրական են գնահատում Ադրբեջանի բանակի սպառազինությունում Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրության տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ընդունումը». նշվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը նախատեսում է Բելառուսից գնել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այդ համակարգերը նախատեսում է ձեռք բերել հենց այս՝ 2018 թ. ընթացքում՝ դառնալով բելառուսաչինական համակարգերի առաջին արտասահմանյան օգտագործողը:
Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր Բելառուս, հանդիպել այդ երկրի նախագահին և պաշտպանության նախարարին, ինչպես նաև ռազմարդյունաբերական կոմիտեի ներկայացուցչին: Այցի ընթացքում Հասանովին ցուցադրել էին «Պոլոնեզ» ՀԿՌՀ: