2017թ. Թեհրանի ահաբեկչության մեջ մեղադրվող 8 անձ մահապատժի է դատապարտվել

Մայիսի 13-ին Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել 2017 թ. հունիսին Թեհրանում այդ երկրի խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ մեղադրվող 8 անձի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թաբնաք» լրատվական գործակալությունը։

Ըստ իրանական PressTV լրատվական գործակալության՝ մահապատժի դատապարվածները Թեհրանի ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցրած 26 հոգանոց ահաբեկչական խմբի անդամներից են։ Խմբի մնացած 18 անդամների գործը դեռևս քննվում է։

Դատարանը քննելու է նաև ահաբեկչության զոհերի հարազատների՝ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի դեմ ներկայացրած հայցերը։ (ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան մեղադրվում են ահաբեկչական հարձակումները իրականացրած զինյալներին աջակցելու մեջ)։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 7-ին կանացի հագուստներով քողարկված  ահաբեկիչները միաժամանակ հարձակում էին կազմակերպել Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ի պատասխան այս ահաբեկչական հարձակման՝ հունիսի 18-ի երեկոյան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի Քերմանշահ և Քուրդիստան նահանգներից 6 միավոր մակերևույթ-մակերևույթ դասի միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ արձակեց Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերին։ Հրթիռներն անցել էին Իրաքի տարածքով և խոցել ԻՊ հրամանատարական կետ և զինանոցներ։ Գործողությունը ստացել էր «Լայլաթ ալ ղադր» (Ճակատագրի գիշեր) անվանումը։ Իրանն այդ ամենը համաձայնեցրել էր Սիրիայի, Իրաքի և Ռուսաստանի հետ։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանում սկսվել է նաև ահաբեկիչների «որս»։

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *