Թուրքիան Իսրայելից և ԱՄՆ-ից կանչել է դեսպաններին՝ Գազայի վերաբերյալ քննարկումներ անելու

Մայիսի 14-ին Թուրքիան իր դեսպաններին կանչել է Իսրայելից և Միացյալ Նահանգներից Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Փոխանցում է թուրքական Hurriyet Daily News լրատվակայքը:

Գազայում բախումների հետևանքով մինչև 60 մարդ է արդեն մահացել

Գազայում բախումների հետևանքով մինչև 60 մարդ է արդեն մահացել

Թուրքիան արդեն առաջարկել է «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» արտահերթ նիստ անցկացնել կապված Գազայում իրավիճակի և Միացյալ Նահանգների՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ իր հերթին հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի, Իրանի, Ինդոնեզիայի արտգործնախարարների, ԻԿԿ գլխավոր քարտուղարի հետ, քննարկել իրավիճակը Երուսաղեմում և Գազայի հատվածում: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ կոչ է արել մուսուլմանական երկրներին վերանայել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ:

Հիշեցնենք, որ  մայիսի 14-ին, Երուսաղեմում անցկացվել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Արարողությանը զուգահեռ Իսրայելի սահմանին՝ Գազայի հատվածում բախումներ են եղել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցիների զինվորականների միջև: Առկա տվյալների համաձայն զոհերի թիվը հասնում է արդեն 60-ի: Իրավիճակը շարունակվում է լարված մնալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *