Մայիսի 15-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումերը Ստամբուլում ձերբակալել են 54 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ըստ աղբյուրի՝ կասկածյալները փորձել են Թուրքիայից տեղափոխվել Սիրիա և միանալ այնտեղ կռվող իսլամիստ զինյալների խմբերին: Թուրքիան իսլամիստ զինյալների համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկն է՝ Սիրիայի պատերազմական գոտիներ հասնելու համար:
Ավելի վաղ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ 2018-ի մարտին Թուրքիայի ուժային կառույցները ձերբակալել են 245 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» անդամ լինելու կամ այդ կառույցի հետ կապ ունենալու համար:
Այս տարվա փետրվարին բրիտանական The Economist հանդես հայտնել է, որ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Հանդեսի հետազոտությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ավելի վաղ էլ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին: