Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» կձերբակալվի 72 գործող և նախկին գնդապետ

Մայիսի 14-ին Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ցամաքային զորքերի գործող 25 գնդապետի և նախկինում զինուժից հեռացված 47 գնդապետ: Ընդհանուր առմամբ՝ 72 գնդապետի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն) գործողություններ է սկսել կասկածյալներին հայտնաբերելու համար, նրանցից արդեն 46-ը արդեն հայտնաբերվել են և ձերբակալվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 300 մարդու, որից 211-ը գործող զինվորականներ են: Նրանց  նույնպես կասկածում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և երկրի զինուժի ներսում գաղտնի կազմակերպություն ստեղծելու մեջ: Նրանց մեծ մասը արդեն ձերբակալվել են:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *