Աֆղանստանը հակաահաբեկչական պայքարում Իրանի օգնության կարիքն ունի. Աֆղանստանի ՊՆ

Մայիսի 12-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հրավերով Իրան է մեկնել Աֆղանստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Թարեղշահ Բահրամին։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։

Ամիր Հաթամիի հետ հանդիպման ընթացքում Աֆղանստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հակաահաբեկչական պայքարում Իրանի օգնության կարիքը ունեն և հույս հայտնել, որ այդ հարցում  Իրանը կօգնի Աֆղանստանին։ Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկրին։

Աֆղանստանի պաշտպանության նախարարը նաև հավելել է, որ թույլ չեն տա, որ Աֆղանստանի տարածքից Իրանի դեմ որևէ գործողություն իրականացվի։

Իրանի և Աֆղանստանի պաշտպանության նախարարները

Իրանի և Աֆղանստանի պաշտպանության նախարարները

Թարեղշահ Բահրամին իրանցի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի, ոստիկանական ուժերի հրամանատարի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանին, երկկողմ հարաբերությունների խորացմանը, հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2018-ի մարտին Իրան էր մեկնել Աֆղանստանի պաշտպանության նախարարի տեղակալը։

Նշենք, որ Աֆղանստանում իրադրությունը  կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Հավելենք, որ հակաահաբեկչական պայքարում Իրանը արդեն տարիներ շարունակ  աջակցում է Իրաքին և Սիրիային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *