Մայիսի 11-ին Իրան է մեկնել Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յամիլ Օկտավիո Բորդա Սոսան։ Նրան դիմավորել է Իրանի ԶՈւ ԳՇ պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Բոլիվիայի բանակի հրամանատարը իր Թեհրան այցի ընթացքում հանդիպել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր. Բորդա Սոսան Իրանի հետ տեխնիկական, կրթական, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցելու ցանկություն է հայտնել։
Բոլիվիայի բանակի գլխավոր հրամանատարը նաև հույս է հայտնել, որ իր այցի ավարտին պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ կոնկրետ համաձայնություններ ձեռք կբերեն։
Ըստ «Թասնիմ» գործակալության՝ Բորդա Սոսան պետք է հանդիպեր նաև Իրանի պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Առայժմ, սակայն, իրանական լրատվամիջոցները հաղորդել են միային Իրանի ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ 2011թ. Բոլիվիայի պաշտպանության նախարարի հրավերով այդ երկիր էր մեկնել Իրանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ահմադ Վահեդին։ Սակայն այցի առիթով իր բողոքի ձայնն էր բարձրացրել Արգենտինան (Ահմադ Վահեդին մեղադրվում է 1994 թ . Բուենոս Այրեսում հրեական մշակույթի կենտրոնի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ, նրա նկատմամբ հայտարարվել է նաև միջազգային հետախուզություն)։ Բոլիվիայի իշխանությունները ներողություն էին խնդրել Արգենտինայից և Ահմադ Վահեդին լքել էր այդ երկիրը։
Հավելենք, որ Իրանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև հարաբերությունները խորացել են հատկապես Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին, երբ աճել էր Իրանի շուրջ լարվածությունը և ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, միջուկային խնդրով պայմանավորված, տարբեր պատժամիջոցներ էին սահմանում Իրանի նկատմամբ։