ՀՀ կառավարությունը մայիսի 11-ի նիստի ժամանակ հավանություն է տվել ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու ՊՆ նախաձեռնությանը: Ինստիտուտը կմշակի ՀՀ ԶՈւ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:
Ակնկալվում է, որ ինստիտուտի ստեղծմամբ
- կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում,
- ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին,
- ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով,
- կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար:
Ակնկալվում է, որ ինստիտուտի ստեղծումը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն:
«Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը» իրականացնելու է.
- տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ,
- գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում,
- մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն
Փաստաթղթում նշվում է, որ ինստիտուտի ստեղծումը կնպաստի ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը:
Ինստիտուտի առարկան է տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ կարգավորել հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում կատարել գիտատեխնիկական ուղեկցում:
Նպատակներն են.
- ելնելով զինված ուժերի ու սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններից գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը,
- հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը:
Իսկ Հայաստանը ներկայում, ելնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակից, ստիպված է.
1) ստեղծել սեփական զինված ուժերի կարիքները բավարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն,
2) ռազմարդյունաբերության ոլորտում մշակել և իրականացնել հավակնոտ և հեռանկարային ծրագրեր:
Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը հավանություն էր տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը: Եվ այդ ռազմավարության շրջանակներում էլ հիմնադվում է գիտահետազոտական ինստիտուտը:
Ռազմավարության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ: