Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 300 մարդու, որից 211-ը գործող զինվորականներ են: Նրանց կասկածում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և երկրի զինուժի ներսում գաղտնի կազմակերպություն ստեղծելու մեջ:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Դատախազությունից լիազորություն ստանալուց հետո Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ստորաբաժանումները) գործողություն են սկսել կասկածյալներին հայտնաբերելու համար: Արդեն 150 մարդ ձերբակալվել է: Մյուսների հայտնաբերման և ձերբակալման գործողությունները շարունակվում են:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:
Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:
Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: