«Գյուլենականության մեղադրանքով» Թուրքիայի օդուժից ևս 65 զինծառայող են ձերբակալել

Մայիսի 10-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են այդ երկրի ռազմաօդային ուժերում ծառայող 65 մարդու, որոնց մեծ մասը գործող զինվորականներ են: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ըստ աղբյուրի՝ հետաքննության արդյունքում հաջողվել է Թուրքիայի օդուժում հայտնաբերել Ֆեթուլլա Գյուլենի «ևս մեկ կրիպտո/գաղտնի» կազմակերպություն: Իզմիրի դատախազությունը ընդհանուր առմամբ լիազորել է ձերբակալել 96 մարդու, որից 91 գործող զինվորականներ են: Մյուս կասկածյալներին հայտնաբերելուն ուղղված գործողությունները շարունակվում են:

Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալել են նաև առափնյա անվտանգության հրամանատարության և ազգային հետախուզության կազմակերպության (MIT) տասնյակ ծառայողների և աշխատակիցների:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *