ՄԱԿ տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլի վերջի դրությամբ Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասել է 93,000-ի, սակայն բռնությունների դեպքերի իրական թիվը շատ ավելի բարձր է։
Ռոյթերս լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2011-ի հուլիսից սկսած՝ ամսական միջինն ավելի քան 5000 մարդ է զոհվել։ 2011-ի նոյեմբերից սկսած՝ Դամասկոսն ու Հալեպն առաջինն են մահվան գրանցված դեպքերի քանակով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նեյվի Պիլլայը հայտարարել է, որ սպանությունների բացառիկ բարձր ցուցանիշը վկայում է հակամարտության՝ կտրուկ սրվելու մասին։
Մայիսի կեսերին հրապարակված, ՄԱԿ-ի նախորդ զեկույցի համաձայն՝ ավելի քան 80,000 մարդ էր սպանվել՝ սկսած 2011-ի մարտից։
Վերջին զեկույցը հիմնված է 8 աղբյուրների վրա, որոնց շարքում են Սիրիայի կառավարությունը և Մեծ Բրիտանիայում գործող այսպես կոչված «Սիրիայում մարդու իրավունքների դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը։ Նշենք, որ վերջինիս տվյալների հավաստիության վերաբերյալ լուրջ կասկածներ է բարձրաձայնել ՌԴ արտգործնախարարությունը։ Այնուամենայնիվ, Ռոյթերսը նշում է, որ սպանությունները հաշվի են առնվել զեկույցում միայն այն դեպքում, երբ հայտնի է եղել զոհի անունը, սպանության վայրն ու ժամանակը։
ՄԱԿ-ի զեկույցում տեղ են գտել նաև երեխաների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների դեպքերը. նույն ժամանակատավածում արձանագրվել է ավելի քան 6561 անփահասի, այդ թվում՝ մոտ 10 տարեկան 1729 երեխաների սպանության դեպքեր։