Աշխատանքային այցով Արցախ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՊԲ շտաբում անցկացրել են ծառայողական խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Նա Արցախում մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: