ՌԴ ռազմաօդային ուժերը փորձնական մարտական հերթապահության են ընդունել «Կինժալ» հիպերձայնային հրթիռները: Դրանք տեղադրված են 10 միավոր ՄիԳ-31 ինքնաթիռների վրա, որոնք հատուկ արդիականացվել են հրթիռներին անհրաժեշտ հավելյալ արագություն հաղորդելու համար:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Դա [Կինժալը] ժամանակակից զենք է. հիպերձայնային զենք՝ մեծացված հեռահարությամբ: ՄիԳ-31-ը դրա կրողն է, այդ ինքնաթիռը ավելի ունակ է այդ հրթռը հասցնել անհրաժեշտ արագության և անհրաժեշտ բարձրության: Ի հաստատումն նրա, որ դա ինչ-որ էկզոտիկա չէ. այսօր մարտական հերթապահության կա 10 ինքնաթիռ և պատրաստ են կիրառման՝ կախված իրավիճակից:» – հայտարարել է Յուրի Բորիսովը:
Նոր զինատեսակի մասին առաջին անգամ իր ելույթում մարտի 1-ին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նրա՝ արձակումից հետո հրթիռը կարող է ձայնի արագությունը գերազանցել 10 անգամ՝ միևնույն ժամանակ կատարելով խուսանավումներ: Հրթիռը կարող է ունենալ ինչպես կոնվենցիոնալ, այնպես էլ՝ միջուկային մարտագլխիկ: