Մայիսի 6-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարակից պաղեստինցի փախստականների նախկին Յարմուք ճամբարից դուրս են բերվել տարբեր խմբավորումների շուրջ 2500 զինյալ և նրանց ընտանիքների անդամները: Այս մասին հայտարարել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սիրիայի անվտանգության ուժերի ուղեկցությամբ զինյալները և նրանց ընտանիքները տեղափոխվել են Հալեպ նահանգի հյուսիս:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հայտնել է, որ մայիսի 3-ից սկսած Դամասկոսին հարակից մի քանի բնակավայրերից դուրս է բերվել շուրջ 4500 զինյալ և նրանց ընտանիքների անդամները:
Մայիսի 1-ին հայտնի է դարձել, որ զինյալ խմբավորումների վերջին խմբերը դուրս են գալու նաև Համա նահանգի հարավային շրջաններից և Հոմսի հյուսիսից ամբողջությամբ դուրս գալու վերաբերյալ: Զինյալների վերջին խմբերը իրենց ընտանիքների հետ միասին նաև դուրս են գալիս Դամասկոսին հարակից Արևելյան Ղուտայի տարածքից:
Սիրիայում հակամարտության կարգավորման համար գործում է 2 հարթակ՝ Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայի բանակցությունների ընթացքում կողմերը եկել են համաձայնության Սիրիայում 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:
Սիրիայում գործում է 4 «ապաէսկալացման գոտի»։ Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:
Աստանայում բանակցությունների և Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրներն են համարվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: