«Պետք է կանգնեցնել Իրանին՝ անգամ հակամարտության գնով». Նեթանյահու

Մայիսի 6-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանների մոտ Իրանի ռազմական ներկությունը, քանի որ այն ուղղված է Իսրայելի դեմ։ Ըստ այդմ՝ Իսրայելը վճռական է Իրանին կանգնեցնելու հարցում, եթե անգամ այն  հակամարտության հանգեցնի։  Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։

«Ավելի լավ է հիմա, քան հետո։ Մենք սրացում չենք ցանկանում, բայց մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է Նեթանյահուն։

Ըստ Նեթանյահուի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վերջին ամիսներին զինամթերք է ուղարկում Սիրիա՝ Իսրայելի վրա հարձակվելու համար։ Նեթանյահուի խոսքերով՝ Իրանը Սիրիա է ուղարկում հատկապես հարվածային ԱԹՍ-ներ, «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ և  հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին  Իսրայելի խորհրդարանը («Քնեսեթ») ընդունել է «Կառավարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծ: Նոր օրենքով վարչապետը «ծայրահեղ իրավիճակներում» կարող է պատերազմ հայտարարել, ինչի համար բավարար է միայն պաշտպանության նախարարի համաձայնությունը:

Այս փոփոխությամբ վարչապետն այլևս կախված է չէ բոլոր նախարարների կարծիքից՝ պատերազմ հայտարարելու համար: Վարչապետին բավարար է ստանալ միայն կառավարության կեսի համաձայնությունը:

Նշենք, որ Իսրայելը մշտապես մեղադրում է Իրանին Սիրիայում ռազմաբազաներ կառուցելու, այնտեղ ԱԹՍ-ներ, հրթիռներ, ՀՕՊ համակարգեր տեղակայելու և դրանք Իսրայելի դեմ օգտագործելու մեջ։  Իրանը հերքում է այս մեղադրանքները։

Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել էր միջուկային համաձայնագիրը խախտելու, ստելու և միջուկային զենքի ստեղծման աշխատանքները շարունակելու մեջ։ Նեթանյահուի այս հայտարարության հնարավոր դրդապատճառների և ազդեցության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Razm.info-ի և Հանրային Ռադիոյի համատեղ  հաղորդման ընթացքում: Թեմայի շուրջ զրուցել ենք իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *