Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են հարավկորեական Korea Aerospace Industries ընկերության Տ-50 «Գոլդեն Իգլ» (T-50 Golden Eagle) տեսակի ուսումնամարտական ինքնաթիռների երրորդ խմբաքանակը (6 միավոր): Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարը։ Փոխանցում է Iraqinews լրատվակայքը։
Տ-50 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրաքի օդուժը ստացել է 2017-ի մարտին, երկրորդ խմբաքանակը՝ 2018-ի մարտին։
24 միավոր T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռ գնելու պայմանագիր Իրաքի պաշտպանության նախարարությունը և կորեական ընկերությունը կնքել են 2013-ի դեկտեմբերին։ Պայմանագրի արժեքը 1.1 մլրդ ամերիկյան դոլար է։
Դեռևս 2011 թվականին կորեկան ընկերությունը հայտ էր ներկայացրել իրաքյան մրցույթին մասնակցելու համար։ Ձեռնարկության հետ մրցել են նաև բրիտանական BAE Systems, չեխական Aero Vodochody և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունները։
Երկտեղանի Տ-50 ինքնաթիռի առավելագույն արագությունը 1.7 հազար կմ/ժ է։ Սպառազինված է 20 մմ տրամաչափի թնդանոթով և 7 կախոցով, որոնք նախատեսված են «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռների համար։ Այն արտադրվել է Korea Aerospace Industries ընկերությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ միասին: Առաջին թռիչքը իրականացրել է 2002-ին: