Իրաքի կենտրոնական քրեական դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով զմահ ազատազրկել է 8 կնոջ, այդ թվում՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Սիրիայից։ Այս մասին մայիսի 3-ին տեղեկացնում է Iraqinews լրատվակայքը։
Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով Իրաքի կենտրոնական քրեական դատարանը որոշում էր ընդունել ցմահ ազատազրկել այլ պետությունների 29 կին քաղաքացու: Նրանցից 6-ը Ադրբեջանի քաղաքացիներ էին: Կին դատապարտյալներից 19-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, իսկ 4-ն էլ Տաջիկստանի:
2018-ի փետրվարին Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի ևս 10 կին դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: Ադրբեջանցի զինյալներ կան նաև Սիրիայի և Իրաքի այլ ահաբեկչական, զինված խմբավորումների կազմում, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ: