Մայիսի 4-ի վաղ առավոտյան թուրքական բեռնատար նավը հարվածել է Էգեյան ծովում պարեկություն իրականացնող Հունաստանի ռազմածովային ուժերի «Արմատոլոս» հրետանային նավին: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականի կայքը:
Միջադեպը մասնավորապես տեղի է ունեցել Էգեյան ծովի Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքի հատվածում: Թուրքական դրոշը կրող Karmate անունով նավը մոտեցել է հրետանային նավին և փորձել է հարվածել նավի կենտրոնական մասին: Հունական կողմը պնդում է, որ իրենք մի քանի անգամ նախազգուշացրել են, սակայն ապարդյուն:
Միջադեպի արդյունքում հունական նավը մի փոքր վնասվել է, անձնակազմից ոչ ոք չի տուժել: «Արմատոլոս» նավը Էգեյան ծովում պարեկություն է կատարում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում անօրինական միգրացիաները կանխելու համար: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն արդեն տեղեկացվել են միջադեպի մասին:
Վերջին մի քանի ամսում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում մասնավորապես Էգեյան ծովում:
Դեռևս ապրիլի սկզբին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար:
Մանրամասն վերջին զարգացումներին կարող եք ցանոթանալ այս հոդվածներում.
- Հունաստանի ԶՈւ շուրջ 7000 զինծառայող ուղարկելու է Էգեյան ծովի կղզիներ. Հունաստանի ՊՆ ղեկավար
- Թուրքիան Հունաստանի պարագայում բազմիցս հանդես է եկել սադրիչ քայլերով. Ռուբեն Մելքոնյան
- Հունաստանի զինուժը Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական ուղղաթիռի վրա
- Էգեյան ծովում Հունաստանի օդուժի կործանիչ է վթարվել