Վաշինգտոնը շարունակում է անընդունելի համարել Թուրքիայի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերտը մայիսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ մտահոգություններ ունի Թուրքիայի կողմից ռուսաստանյան Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում: Այս հարցն ԱՄՆ-ն կբարձրացնի Թուրքիային ցանկացած համակարգ վաճառելուց առաջ: Այս մասին Նաուերտը հայտարարել է պետքարտուղարությունում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:

Լրագրողը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսում 3 սենատոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է արգելել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը: Նա նշել է, որ պատճառներից մեկը Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների հարցն է, սակայն կա ևս մեկ պայման՝ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը:

Այն հարցին, թե արդյոք պետքարտուղարությունը համաձայն է և կպաշտպանի այդ նախագիծը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ իրենք չեն մեկնաբանում Կոնգրեսում ներկայացված օրինագծերը:

«Սակայն կարող եմ Ձեզ ասել, որ մենք լուրջ մտահոգություններ ենք ունեցել Թուրքիայի՝ Ս-400 համակարգերի հնարավոր ձեռքբերման շուրջ: ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-ի համաձայնագրով, ինչը, բնականաբար, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, դուք միայն կարող եք գնել, նրանք միայն կարող են գնել , զենքեր և այլ միջոցներ, որոնք համատեղելի են ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ:

Մենք չենք տեսնում, որ դրանք համատեղելի լինեն: Մենք,  ակնհայտորեն, պաշտպանական [տեխնիկայի] առևտրային ամուր հարաբերություններ ունենք Թուրքիայի կառավարության հետ, և մենք կշարունակենք բարձրաձայնել մեր մտահոգությունները նրանց առաջ ցանկացած սպասվող վաճառքի կամ այդ բնույթի ցանկացած բանի դեպքում», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ն կարող է խոչընդոտներ ստեղծել Թուրքիային ցանկացած ռազմական արտադրանքի վաճառքի հարցում՝ քանի դեռ թուրքական կողմը չի հրաժարվի գնել Ս-400 ՀՕՊ համակարգեր: Սակայն թուրքական իշխանությունները մինչ օրս բազմիցս հայտարարել են, որ Ս-400-ները պատրաստվում են կիրառել ՆԱՏՕ-ի համակարգից դուրս և չեն պատրաստվում չեղարկել դրանց գնումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *