Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ.) մարմինը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում] Մայիսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին:
2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) 1-ին մասով:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայող, հենակետի ավագին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Նախաքննությունը շարունակվում է: