Մայիսի 3-ին Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինուժի ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Սպանված զինծառայողը Թուրքիայի զինուժի ենթասպա Ջամիլ Էրքեքն է: Նշենք, որ Աֆրինում թուրքական զինուժը ներկայում իրականացնում է պայթուցիկ սարքերի, ականների հայտնաբերման և դրանց վնասազերծման գործողություններ:
Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ հիմնական ռազմական գործողությունները ավարտված են: Աֆրին շրջանում թուրքական բանակի «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսել է 2018-ի հունվարից:
Սիրիայի իշխանությունները մշտապես դեմ են եղել Թուրքիայի գործողություններին և Դամասկոսը բազմիցս մեղադրել է Անկարային Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Թուրքական կողմն էլ իր հերթին հայտարարում է, որ իրենք Աֆրինը չեն հանձնելու Ասադի վարչակարգին: