Մայիսի 3-ին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 70 մարդու, այդ թվում նաև գործող զինծառայողների: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները 34 նահանգում համաժամանակյա գործողություն են սկսել կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Մայիսի 2-ին Մարդին նահանգի դատախազության լիազորությամբ ձերբակալվել է զինված ուժերի ևս 37 գործող զինվորականի: Նրանք նույնպես կասկածվում են Գյուլենի հետ կապ ունենալու համար: Հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:
Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:
Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: