Գերմանական Der Spiegel պարբերականը պնդում է, թե այդ երկրի ռազմաօդային ուժերի 128 միավոր Eurofighter Typhoon կործանիչներից միայն 4-ն է պատրաստ մարտի, մյուսները խնդիրներ ունեն: Սրանից արվում է հետևություն, թե Գերմանիան չի կարող կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները: Փոխանցում է գերմանական «Դոյչե Վելեն» պարբերականը:
ՆԱՏՕ-ի երկրների պայմանավորվածությունների շրջանակներում, յուրաքանչյուր երկրի օդուժ պետք է ունենա ճգնաժամային իրավիճակներում մարտի պատրաստ առնվազն 82 կործանիչ ինքնաթիռ: Եթե «Շպիգելի» հայտնած տեղեկությունը ճիշտ է, ապա Գերմանիան այս պահին շատ հեռու է այդ ցուցանիշից:
Սակայն գերմանական մամուլում «Եվրոփայթեր» կործանիչների շուրջ բացասական տեղեկությունները նոր չէ, որ սկսել են շրջանառվել: Գերմանիան նախկինում պետք է ստանար ընդհանուր 180 միավոր «Եվրոֆայթեր» կործանիչ: Սակայն 2011 թ. Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ կհրաժարվեն վերջին խմբաքանակի գնումից՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
2014 թ. գերմանական կողմը հրաժարվեց 37 միավորի գնումից (ընդհանուր արժեքը՝ 4.8 մլրդ դոլար): Նույն տարում կործանիչների արտադրող եվրոպական Airbus կոնցերնից հայտնեցին, որ Գերմանիայից որպես տուգանք կպահանջեն 1-ից մինչև 1,2 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք:
2018 թ. այս կործանիչների շուրջ նոր հակասություններ ի հայտ եկան: Հայտնի դարձավ, որ Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը պաշտոնից կհեռանա, քանի որ նա կողմ էր, որ հին Tornado ռազմական ինքնաթիռները պետք է փոխարինել ամերիկյան F-35-ներով, իսկ պաշտպանության նախարարը կողմ էր դրանք Eurofighter Typhoon-ներով փոխարինելուն: Չի բացառվում, որ «Եվրոֆայթերների» վերաբերյալ տարածվող տեղեկությունները այս «պատերազմի» քարոզչական մաս են նաև:
Բացի այդ, 2017 թ. ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում էին կայացրել, որ ԱՄՆ-ի ծախսերի բեռը թեևացնելու նպատակով յուրաքանչյուր անդամ երկիր ռազմական ծախսերին պետք է հատկացնի ՀՆԱ-ի առնվազն 2%-ի չափով գումար: Գերմանիան դեռևս հեռու է այս ցուցանիշից: Ըստ Defense News-ի տվյալների՝ 2017 թ. Գերմանիան ռազմական ծախսերին հատկացրել է ՀՆԱ-ի 1,22 տոկոսը միայն (2010-ին` 1.35%): Այսպիսով, Բեռլինը պետք է ավելացնի ռազմական ծախսերը, սակայն մինչ այդ նման աճի պատճառները պետք է հիմնավորել: