Զինյալների վերջին խմբերը դուրս են գալու Սիրիայի Համա և Հոմս նահանգներից

Մայիսի 1-ին Սիրիայի իշխանությունները Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի հետ միասին համաձայնություն են եկել ծայրահեղ զինյալ խմբավորումների հետ երկրի Համա նահանգի հարավային շրջաններից և Հոմսի հյուսիսից ամբողջությամբ դուրս գալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է սիրիական պետական «Սանա» գործակալությունը:

Զինյալների դուրսբերումը Հոմս քաղաքից. (արխիվ)

Զինյալների դուրսբերումը Հոմս քաղաքից. (արխիվ)

Աղբյուրը հայտնում է, որ զինյալները իրենց զենքերը հանձնելու են կառավարական ուժերին ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում: Իսկ այնուհետև այն զինյալները, ովքեր կողմ չեն հաշտեցմանը, իրենց ընտանիքների հետ տեղափոխվելու են Սիրիայի հյուսիսային Իդլիբ և Ջերաբլուս շրջաններ 3 օրվա ընթացքում: Զինյալների հեռանալուց հետո այդ տարածքները ամբողջությամբ պետք է անցնեն Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ:

Նշենք, որ զիյալների վերջին խմբերը իրենց ընտանիքների հետ միասին նաև դուրս են գալիս Դամասկոսին հարակից Արևելյան Ղուտայի տարածքից:

Սիրիայում հակամարտության կարգավորման համար գործում է 2 հարթակ՝ Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայի բանակցությունների ընթացքում կողմերը եկել են համաձայնության Սիրիայում 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Սիրիայում գործում է 4 «ապաէսկալացման գոտի»։ Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:

Աստանայում բանակցությունների և Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրներն են համարվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *