Նյու Յորքի դատարանը Իրանին պարտավորեցրել է փոխհատուցել սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին

Մայիսի 1-ին Նյու Յորքի դաշնային դատարանը ընդունել է որոշում, համաձայն որի Իրանը պարտավորվում է սեպտեբերի 11-ի նյույորքյան ահաբեկչության զոհերի հարազատներին միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան abcNews  լրատվակայքը:

Դատարանի որոշմամբ՝ Իրանի իսլամական հանարապետությունը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Իրանի Կենտրոնական բանկը մեղավոր են ճանաչվել 1008 մարդու մահվան մեջ: Վճռի համաձայն՝ Իրանը նյութական աջակցություն է ցուցաբերել «ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը:

Հատկանշական է, որ «Ալ-Կաիդան» իսլամի սուննիական ճյուղի ծայրահեղական գաղափարների վրա հիմնված ահաբեկչական կառույց է: Իրանը, ինչպես գիտենք, շիայական երկիր է: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես և ինչու Իրանը պետք է ֆինանսավորեր իր պետական դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեցող ահաբեկչական կառույցի:

Ահաբեկչության զոհերի հարազատներին տրամադրվելիք փոխհատուցման չափը պայմանավորված է հարազատության աստիճանով. 12,5-ական  մլն դոլար՝ զոհվածների ամուսիններին, 8,5-ական մլն դոլար՝ ծնողներին, 8,5-ական մլն դոլար՝ երեխաներին, 4,25-ական մլն դոլար՝ եղբայրներին և քույրերին:

Այնուամենայնիվ, ըստ լրատվակայքի, դատավճիռը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ քիչ հավանական է, որ Իրանը կվճարի այդ գումարները:

Ահաբեկչության զոհերի հարազատները Իրանի դեմ հայց ներկայացրել են 2004 թվականին, սակայն դատական գործ հարուցվել է միայն 2016-ին:

Նշենք, որ Իրանը հերքում է իր ցանկացած տեսակի մասնակցությունը այդ ահաբեկչությանը: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անգամ հայտարարել է, որ չի հավատում, որ «ալ-Կաիդան» է իրականացրել ահաբեկչությունը, ըստ նրա՝ այն կազմակերպել է հենց ԱՄՆ-ն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *