Քրդերը վերսկսել են Դեր Զորում «Իսլամական պետության» դեմ պայքարը

Մայիսի 1-2-ին Սիրիայի հարավում՝ Դեր Զորում, տեղակայված քուրդ-արաբական ուժերը վերսկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմագործողությունները: Քրդական ուժերը դրանք դադարեցրել էին Թուրքիայի հարձակումների հետևանքով:

Մայիսի 1-ին քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարությունը հայտարարել է, որ ռազմագործողությունն ուղղված է Դեր Զորի հարավ-արևելքը «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելուն:

Հատկանշական է, որ այդ հատվածը Իրաքին սհամանակցող սահմանն է: Սիրիայի զինված ուժերը վերջին շրջանում Իրաքի զինուժի հետ համագործակցությամբ փորձում էին ազատագրել այդ հատվածը և դուրս գալ Իրաքի սահման: Հաշվի առնելով այն փաստը, որ քուրդ-արաբական ուժերը դաշնակցում են Միացյալ Նահանգների հետ, իսկ ԱՄՆ-ն դեմ է Ասադի վարչակարգին, չի բացառվում, որ համաձայնություն է կայացվել նաև խանգարել Սիրիայի բանակի առաջխաղացմանն այդ հատվածում:

Քրդական ուժերը ԻՊ դեմ գործողությունները դադարեցրել էին Թուրքիայի հարձակումների պատճառով: Անկարան քրդական այդ ուժերին համարում է «ահաբեկչական»: Աֆրինը գրավելուց հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարում էին, որ հաջորդ թիրախը քրդերի վերահսկած Մանբիջն է:

Սակայն վերջին օրերին պարզ դարձավ, որ Մանբիջում հերթապահող ամերիկյան զինուժին միացել են նաև Ֆրանսիայի ԶՈւ հատուկջոկատայիններ: Հավանաբար ԻՊ դեմ գործողությունները վերսկսելու դիմաց ԱՄՆ-ն քրդերին խոստացել է, որ թույլ չեն տա թւորքիայի զինուժի նոր հարձակումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *