Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի արձանագրել արժանահավատ նշաններ առ այն, որ 2009 թվականից հետո Իրանում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ Այս մասին մայիսի 1-ին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել են ՄԱԳԱՏԷ-ից։
ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ 2015 թ. դեկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանի միջուկային ծրագրի շուրջ զեկույց է ներկայացրել, որտեղ նշվում է, որ մինչև 2003 թվականը Իրանում միջուկային պայթուցիկ սարք ստեղծելու ուղղությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվել, որոշ միջոցառումներ անցկացվել են նաև 2003-ից հետո։
Զեկույցում նաև նշվում է, որ 2009 թվականից հետո Իրանում միջուկային պայթուցիկ սարքի ստեղծման ուղղությամբ Իրանի գործունեության մասին ՄԱԳԱՏԷ-ն չի արձանագրել արժանահավատ նշաններ։
Հիշեցենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել էր որոշակի փաստաթղթեր՝ նշելով, որ դրանք ապացուցում են, թե Իրանը երբեք էլ չի դադարեցրել միջուկային զենքի ստեղծման աշխատանքները:
Նեթանյահուի հայտարարությունների հետ կապված ՄԱԳԱՏԷ-ից «ՏԱԱՍ»-ին հայտնել են, որ հանրայնորեն չեն քննարկում նմանատիպ տեղեկությունններին վերաբերող հարցեր։
Հավելենք նաև, որ ապրիլի լույս 30-ի գիշերն Իսրայելի խորհրդարանն («Քնեսեթ») ընդունել է «Կառավարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նոր օրենքով վարչապետը «ծայրահեղ իրավիճակներում» կարող է պատերազմ հայտարարել, ինչի համար բավարար է միայն պաշտպանության նախարարի համաձայնությունը:
Այս փոփոխությամբ վարչապետն այլևս կախված է չէ բոլոր նախարարների կարծիքից՝ պատերազմ հայտարարելու համար: Վարչապետին բավարար է ստանալ միայն կառավարության կեսի համաձայնությունը, իսկ «ծայրահեղ իրավիճակում»՝ միայն պաշտպանության նախարարի: