Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) զորամիավորումներում և զորամասերում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, ավարտվել են 2018-ի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները: Այս մասին ապրիլի 30-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ստուգումներն անցկացվում էին ՀՌՇ ավելի քան 20 զորավարժարաններում և ուսումնական կենտրոններում, ինչպես նաև՝ Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում։
Ամփոփիչ վարժանքների ընթացքում ստուգվել է մարտական գործողություններում սիրիական փորձը կիրառելու ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները։
Ստուգումների արդյունքում գնահատվել է նաև զորամիավորումների, զորամասերի մարտական պատրաստության աստիճանը, օպերատիվ պատրաստվածության և մարտական հերթապահության, սպառազինության և զինտեխնիկայի վիճակը:
Դաշտային պայմաններում զինծառայողները կատարել են ուսումնական կրակային վարժանքներ, հանձնել մարտավարական, հատուկ նշանակության, ֆիզիկական պատրաստության նորմատիվներ։