Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Միջուկային համաձայնագրի շուրջ

Ապրիլի 30-ին հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մեկ ժամից ավել տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի Միջուկային համաձայնագրին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Միջուկային համաձայնագիրը ենթակա չէ քննարկման և հայտնել, որ Իրանը ԱՄՆ ցանկացած որոշմանը համապատասխան քայլեր է մշակել։

Իր հերթին Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան դուրս չի գա Միջուկային համաձայնագրից։

«Ֆրանսիայի և եվրոպացիների հստակ դիրքորոշումն է մնալ Միջուկային համաձայնագրի շրջանակներում, և ձեզ նույնպես խնդրում ենք մնալ համաձայնագրում։ Ֆրանսիան և ԵՄ-ն ընդունում են համաձայնագիրը այնպիսին, ինչպիսին կա»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-25-ը Մակրոնը մեկնել էր ԱՄՆ։ Այցի նպատակն էր համոզել  ԱՄՆ նախագահին չլքել Միջուկային համաձայնագիրը (նույն նպատակով ապրիլի 27-ին ԱՄՆ մեկնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը)։ Այցի ավարտին Մակրոնը հայտարարել էր, որ չգիտի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է որոշելու Իրանի հետ Միջուկային համաձայնագրից դուրս գալու առնչությամբ, սակայն կարծում է, որ ԱՄՆ-ն, ներքին դրդապատճառներից ելնելով, կլքի գործարքը։

Մինչ այդ Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է աշխատել նոր համաձայնագրի վրա։

Ըստ նրա՝ միջուկային համաձայնագիրը «բավարար չէ», սակայն հնարավորություն է տալիս մինչև 2025 թ. վերահսկել Իրանի միջուկային գործունեությունը։ Մակրոնի խոսքերով ՝պետք է լուծել 4 կարևոր հարց: Դրանք են՝

  • Մինչև 2025 թվական կասեցնել Իրանում ցանկացած միջուկային գործունեություն,
  • Վստահ լինել, որ ապագայում նույնպես Իրանը միջուկային ոլորտում գործունեություն չի ծավալի
  • Կասեցնել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը,
  • Զսպել Իրանին Մերձավոր Արևելքում։

Մակրոնը նաև ցանկություն էր հայտնել, որ նոր համաձայնագրի աշխատանքներին Եվրոպայի գործընկերներից բացի ներգրավվեն նաև տարածաշրջանային ուժեր, այդ թվում ՝ Ռուսաստանը, Թուրքիան:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Թրամփը 120 օրով երկարաձգել էր Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ դա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։

Թրամփը կոչ էր արել համաձայնագիրը ստորագրած «եվրոպական երկրներին» այդ 120 օրվա ընթացքում միասին աշխատել համաձայնագրում փոփոխություններ կատարելու վրա։ Եթե համաձայնագիրը փոփոխության չենթարկվի՝ Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագրից։

Թրամփի տված վերջնաժամկետը  լրանում է մայիսի 12-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *