Ապրիլի 29-ի լույս ապրիլի 30-ի գիշերը Սիրիայի Համա և Հալեպ քաղաքների մոտակայքում Սիրիայի կառավարական բանակի ռազմական օբյեկտներ են հրթիռակոծվել: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Ըստ գործակալության՝ ռազմական որոշ օբեյկտենր հարձակման են ենթարկվել «թշնամական հրթիռների միջոցով»: Աղբյուրը նշում է, որ հարվածների թիրախում են հայտնվել զենք ու զինամթերքի պահեստները: Հայտնի չէ, թե կոնկրետ ով է կանգնած այս միջադեպի հետևում:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ հրթիռակածումից հետո զենք ու զինամթերքի պահեստներում ուժեղ հրդեհ է սկսվել: Աղբույրը նշում է, որ մասնավորապես հարձակման են ենթարկվել Համայի մոտակայքում կառավարական բանակի 47-րդ բանակի զենքերի պահեստը և Հալեպ քաղաքից արևելք ընկած ևս մեկ զենքի պահեստ, Հալեպի օդանավակայանի վրա հարձակման լուրն էլ չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած մի շարք օբյեկտներ:
Սիրիական կողմը նշում է, որ հարձակումը եղել է այն բանից հետո, երբ կառավարական բանակին հաջողվել է համաձայնության գալ զինյալների հետ Դամասկոսին հարակից տարածքները և ճամբարները ամբողջությամբ լքելու հարցում:
Նշենք, որ զինյալների մի խումբ դեռ շարունակում է մնալ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարակից Արևելյան Ղուտա արվարձանում, սակայն նրանք ևս աստիճանաբար դուրս են բերվում այդ արվարձանից՝ տեղափոխվելու երկրի հյուսիսային Իդլիբ նահանգ: