ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ կեսգիշերն անց ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է շարքային Նարեկ Դավթյանի դիակը: Մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ: Լեհ և ռումինացի սպաները Երևանում՝ ռազմական ինստիտուտի սպայական կազմի համար դասախոսություն են անցկացրել: Մամուլի ուշադրության կենտրոնում եմ եղել Արթուր Սաքունցի՝ Բրյուսելում արած հայտարարությունները: ԱՄՆ-ն էլ կշարունակի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրումը՝ անտեսելով Ռուսաստանի կարծիքը: Իսկ Ռուսաստանն այդ ընթացքում սպառազինում է Կասպից ծովը:
Նախ պաշտոնական լուրերը՝
- Մահացած զինծառայող Նարեկը ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորում է ունեցել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
- Անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով շուրջ 1700 կրակոց:
- Օտարերկրյա սպաները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դասախոսություններ անցկացրեցին «առաջնորդություն» և «մարտավարություն» թեմաներով:
Անդրադառնալով Սաքունցի՝ Բրյուսելում արած հայտարարություններին. «Ազգ» օրաթերթը գրել է, թե Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարգախոսն է` «Հանուն Անդրբեջանի» գործելը: Իսկ Haynews-ին տված հարցազրույցում Սաքունցը նշել է. « Հասկանում եմ, որ գլխավոր մեղավորը Ադրբեջանն է, բայց մեկ է՝ Հայաստանի պատժիչ գործողությունները ևս սպանություն են: Այստեղ դավաճանության բան չկա: Ես ՆԱՏՕ-ի ղեկավարներին ասել եմ նաև, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, մահվան դեպքերի նախաքննությունները ճիշտ չեն կատարվում»:
Միջազգային լուրերից: ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերն անդրադարձել է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայմանը. «Իրանի կողմից սպառնալիքները մեծանում են, նույնիսկ ավելի արագ, քան կարծում էինք երկու տարի առաջ…Մենք կիրականացնենք ՀՀՊ-ի ստեղծման բոլոր չորս փուլերը, անկախ այն հանգամանքից, դա դուր է գալիս Ռուսաստանին, թե՝ ոչ»:
Իսկ «Ջորջ Բուշ» ավիակիրը լքել է Միջերկրական ծովը, որը վերջերս այդտեղ էր տեղափոխվել Պարսից ծոցից: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հոդվածագիրը ենթադրում է, որ Սիրիայի շուրջ լարվածության՝ պատերազմի վերածվելու հավանականությունը քչանում է: