Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հարցը. Շուգաև

Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը 2 փուլից է կազմված՝ համակարգերի մատակարարումը և դրա որոշ բաղկացուցիչ մասերի արտադրության տեղայնացնում Թուրքիայի տարածքում: Կողմերը քննարկում են Թուրքիային Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հարցը: Այս մասին Թուրքիայում անցկացվող Eurasia – 2018 ավիացուցահանդեսի հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր մենք քննարկում ենք գլխավորապես այդ համակարգերի մատակարարումները: Դա առաջին փուլն է, որը ենթադրում է ոչ միայն տեխնիկայի փոխանցում, այլև համապատասխան մասնագետների պատրաստում, վերանորոգման բազաների ստեղծում: Միևնույն ժամանակ որոշ քննարկումներ են նաև գնում կապված երկրորդ փուլի հետ՝ արտադրական տեխնոլոգիաների համագործակցության զարգացման վերաբերյալ: Թուրքական կողմը ցանկանում է ստանալ այդ համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ», – ասել է Շուգաևը:

Նշենք, որ մինչև այժմ ռուսաստանյան կողմը մի քանի անգամա հայտարարել է, որ իրենք արտադրական տեխնոլոգիաներ չեն փոխանցելու Թուրքիային: Այդ մասին, օրինակ, հայտարարել է համակարգերի արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Միևնույն ժամանակ, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանն արդեն սկսել է Թուրքիայի համար նախատեսված համակարգերի արտադրության գործընթացը:

Ապրիլի 3-ին Անկարայում Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը արագացնելու է Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումներ:  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրն էլ հայտնել է, որ մատակարարումը Ռուսաստանը սկսելու է 2019-ի հուլիսից:  Նշենք, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ մատակարարումները սկսելու են 2020 թվականից:

Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ. վերջին ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:

Ամերիկյան կողմը մի քանի անգամ զգուշացումներ է արել Թուրքիային այս համակարգերի գնման դեպքում հնարավոր խնդիրների մասին, իսկ ՆԱՏՕ-ից էլ մշտապես հայտարարում են, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ: Թուրքական կողմն էլ պարբերաբար հայտարարում է, որ չեն հրաժարվելու Ս-400-ներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *