Ադրբեջանը փորձում է լարվածության աճը բարդել հայկական կողմի վրա

Ապրիլի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակին և Մոսկվայում Հայաստան ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, փորձել է լարվածության աճի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հաջիևը հայտարարել է, թե «Սարգսյանի ռազմա-դիկտատորական ռեժիմը փորձում է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածություն և բախումներ ստեղծել՝ դրանք քաղաքական նպատակներով Հայաստանում օգտագործելու համար»։

Մի կողմ թողնելով այն փաստը, որ երբ ադրբեջանցիներն են ուրիշներին դիկտատուրայի մեջ մեղադրում, դա մեղմ ասած զավեշտալի է։ Փաստ է, որ ներքաղաքական լարվածության պայմաններում ռազմաճակատում լարվածությունն ամենավերջին բանն է, որը պետք է Հայաստանի հասարակության անխտիր բոլոր շերտերին։

Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը չի հապաղի հարմար առիթի դեպքում օգտվել ստեղծված իրավիճակից ու հենց այդ առիթն օգտագործելու (և ինչո՞ւ ոչ, նաև ստեղծելու) նպատակով էլ առաջնագծին է մոտեցրել զգալի քանակով ուժեր (1, 2, 3, 4)։

Եվ իսկապես, դեռևս ապրիլի 22-ին ու 23-ին Արցախի Պաշտպանության բանակը ոչ միայն անդրադարձել էր այս խնդրին, այլև ներկայացրել էր ադրբեջանական զորաշարժերի տեսանկարահանումներ։ Ավելի ուշ, Էդվարդ Նալբանդյանը միջազգային հանրությանը՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներին, կոչ էր արել ջանքեր գործադրել «Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ»։

Ուշագրավ է, որ Նալբանդյանի այս կոչն անպատասխան չմնաց. արդեն ապրիլի 23-ի երեկոյան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արցախյան հակամարտության կողմերին կոչ արեցին առաջնագծից հեռու պահել ծանր զինտեխնիկան։
Նախապատրաստության հենց այս ընդհանուր տրամաբանության մեջ էլ պիտի դիտարկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները։

Դա ոչ այլ ինչ է, քան ապագայում ագրեսիա սկսելու դեպքում մեղքը հայկական կողմի վրա բարդելու տեղեկատվական նախապատրաստում։ Այս ասվածն, իհարկե, չի նշանակում, թե ադրբեջանցիներն անպայման կվերսկսեն ռազմական գործողությունները, սակայն ակնհայտ է, որ դրանք սկսելուն ամեն դեպքում նրանք պատրաստվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *