Կարեն Կարապետյանը հանդիպել է Վիգեն Սարգսյանին, Բակո Սահակյանին, անցկացրել է ԱԱԽ նիստ

Այսօր՝ ապրիլի 24-ին, հանդիպել են ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը: Պաշտոնյաները քննարկել են զինված ուժերին և պաշտպանությանն առնչվող հարցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է.
«Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի՝ հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար:

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու»:

Այսօր նաև անցկացվել է ԱԱԽ նիստ, որին մասնակցել է նաև ՊՆ պաշտոնակատարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանին:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական էր տվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, վարչապետի պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *