Սաուդների ավիահարվածից սպանվել է Եմենի հութիների «նախագահը»

Անցյալ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է Եմենում հութի ապստամբների «նախագահ» Սալեհ Ալի ալ-Սամադը: Ալ-Սամադը Եմենի շիա ապստամբների քաղաքական առաջնորդն էր: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հութիների աղբյուրներին:

Հութիների ղեկավարի հետ միասին սպանվել է նրա ևս 6 համախոհ: Նրանք սպանվել են Եմենի արևմտյան ափին, ըստ որոշ տվյալների՝ հութիական ռազմաբազա այցի ժամանակ: Հութիները կատարվածի համար մեղադրում են ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային:

Հութի զինյալներ՝ Սանայում

Հութի զինյալներ՝ Սանայում (Եմենի մայրաքաղաք, արխիվ)

Եմենում պատերազմի նախասկիզբը 2014 թ. Իրանի սատարած շիա հութիների և Սաուդյան Արաբիայի սատարած սունի իշխանությունների միջև բախումները, հակասություններն էին: Ռազմական լայնածավալ գործողություներ սկսվել են 2015 թ. սկզբից: Սկզբնական շրջանում հութիները կարողացան բավականին արագ գրավել նաև Եմենի մայրաքաղաքը:

Գործողությունների ընթացքին զուգահեռ հութիների դեմ ռազմագործողություն սկսեց Սաուդյան Արաբիան՝ մի շարք այլ արաբական պետությունների աջակցությամբ:

Սակայն անգամ «արաբական դաշինքը» փաստացի չկարողացավ ճնշել շիա հութիներին, որոնք վերահսկում են Եմենի ամրևմուտքը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան: Հութիները նաև պարբերաբար հրթիռակոծում են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *