Արցախի դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ, թարմացվել է զինանոցը. Բակո Սահակյան

Ներկայում պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարմանը: Շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը: Այս մասին հայտարարել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:

«Արցախպրես» գործակալության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հայտնել է.

Առաջնագծում և պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ և փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ:

Բակո Սահայանի խոսքով՝ տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, իսկ որոշների ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում:

Ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ.

«Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- նշել է Արցախի ղեկավարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *