Ապրիլի 19-ին Ադրբեջանում հանդիպելու են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քորթիս Սկապարոտիին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանը գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում:
Ադրբեջան ժամանած երկու պատվիրակություններին առանձին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
- Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպայում միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քորթիս Սկապարոտիին
- Իլհամ Ալիևը ընդունել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին
Նշենք, որ ՆԱՏՕ-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով հանդիպումներ Բաքվում եղել են նաև նախկինում:
2017-ի սեպտեմբերի 7-ին, Բաքվում հանդիպել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը և Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով:
Ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: