Երեկ՝ ապրիլի 18-ին, Թուրքիայի խորհրդարանը հաստատել է «արտակարգ դրության երկարաձգման մասին» կառավարության որոշումը: Այդ երկրում արտակարգ դրությունը կշարունակվի առնվազն մինչև հուլիսի 19-ը՝ հատելով 2 տարվա սահմանագիծը: Արտակարգ դրության երկարաձգման մասին օրենքը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
Որոշումը ապրիլի 17-ին ընդունել էր Թուրքիայի կառավարությունը, իսկ ապրիլի 18-ին, ինչպես նշեցինք, Թուրքիայի խորհրդարանը, որտեղ մեծամասնությունն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու վերջինիս դաշնակից ազգայնականներն են: Որոշումն ուժի մեջ է մտել հենց այսօրվանից՝ ապրիլի 19-ից:
Թուրքիայում «Արտակարգ դրություն» հայտարարվել է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ու մինչ օրս արդեն 7-րդ անգամ երկարաձգվում է: Այս մեկի ժամկետի ավարտին կլրանա ռեժիմի 2 տարին:
Ինչու՞ «արտակարգ դրություն»
«Արտակարգ դրությունը» Թուրքիայի կառավարությանը թույլ է տալիս ընդունել հատուկ «օրենքի ուժ ունեցող» որոշումներ, որոնք չեն կարող բողոքարկվել դատարաններում: Այն օգտագործվում է ինչպես հեղաշրջման փորձի մասնակիցներին ձերբակալելու, այնպես էլ՝ քաղաքական հակառակորդներին, «անցանկալի տարրերին» հեռացնելու համար՝ առանց որևէ խոչընդոտի:
Ընտրություններ VS արտակարգ դրություն
2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Արտակարգ դրությունը» թույլ կտա առանց ավելորդ խնդիրների ընդդիմադիր ուժերին «լուսանցքից դուրս թողնել»:
«Երկրի անվտանգության շահերից ելնելով»՝ ցանկացած մարդ «օրենքի ուժ ունեցող որոշմամբ» կարող է բանտում հայտնվել: Իսկ եթե այդ անձը պատգամավոր է, ինչպես եղած քրդամետ կուսակցության դեպքում, իշխող ուժի ձայները բավարար են խորհրդարանում նրան անձեռնմխելիությունից զրկելու համար:
Այս ամենը կարող է այդքան էլ էական չլինել նախագահի ընտրության հարցում՝ հաշվի առնելով, որ Էրդողանն այս պահին ակնհայտ առաջատար է, սակայն կարող է կարևոր լինել խորհրդարանի պարագայում: Առանց բացարձակ մեծամասնության բարդ կլինի հետագայում ևս Էրդողանին ցանկալի քաղաքականությունը շարունակել: