Ապրիլի 18-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Իրաքի իր պաշտոնակցի հրավերով մեկնել է Բաղդադ։ Իրաքում Ամիր Հաթամին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր։ Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին վստահություն է հայտնել, որ Իրանը հետագայում նույնպես շարունակելու է աջակցել Իրաքին՝ հատկապես տնտեսությունը վերականգնելու և պաշտպանական կարքիները հոգալու հարցում։
Այցի ընթացքում կողմերը նաև պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ նիստ են անցկացրել։
Իրանը համարվում է Իրաքի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և այդ նպատակով նաև սպառազինություն է մատակարարել Իրաքին։
Ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական օգնություն տրամադրելու համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նաև ռազմաբժիշկների խմբեր է ուղարկել Իրաք և Սիրիա։