Ռուսաստանյան Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն այսօր՝ ապրիլի 18-ին, «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի ակումբում հեռուստակամուրջի միջոցով անցկացվող ասուլիսին հայտարարեց, որ, հույս ունեն, թե մասնավորապես Հայաստանի երկինքը ծածկող ՀՕՊ միջոցների և ուժերի կազմը կմեծացվի՝ դրանում նոր ՀՕՊ և ԶՀՀ համակարգերի ընդգրկման միջոցով: Ասուլիսին ներկա էր նաև Ռազմինֆոյի թղթակիցը:
Կորոտչենկոն նշեց, որ այս պահին ևս Հայաստանի երկինքը հուսալիորեն ծածկված է.
«Գիտենք, որ Հայաստանի երկինքն այսօր հուսալի ծածկված է, և մենք հույս ունենք, որ մեր գործընկերական համաձայնությունների շրջանակներում ՀՕՊ միջոցների և ուժերի կազմը, որը, մասնավորապես, ծածկում է Հայաստանը, կմեծացվի, այդ թվում նաև դրա համակարգում նոր զինտեխնիկայի, սպառազինության ընդունման հաշվին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը Մոսկվայում ստորագրել են 2015թ. դեկտեմբերի 23-ին: 2016թ. հունիսի 30-ին, համաձայնագիրը վավերացրել է ՀՀ Ազգային ժողովը, իսկ դեկտեմբերի 23-ին՝ Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը): Դեկտեմբերի 29-ին համաձայնագրի վավերացման մասին օրենքը ստորագրել է ՌԴ նախագահը:
Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Համաձայնագրով նախատեսվող դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ: