Ապրիլի 18-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Ադրբեջանն իր հերթին հայտնում է, որ դիտարկումը եղել է Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ, առանց միջադեպերի:
Երեկ՝ ապրիլի 17-ին, Կասպշիկին ընդունել էր Բակո Սահակյանը: Նրանք քննարկել էին շփման գծում տիրող իրավիճակը: Նույն օրը դեսպանին հանդիպել էր նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Քննարկել էին հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու հավանական զարգացումները: