[Լրացված] Ապրիլի 15-ին մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում արտակարգ պատահարի հետևանքով  հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Ավելի ուշ Արցախի նախագահի կայքը հայտնում է, որ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ալեք Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում վիրավորվել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կրակոցից։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *