Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 10-րդ դասարան ընդունվելու համար այս պահի դրությամբ դիմել է 600 դպրոցական: Ընդունելության մասին պաշտոնապես հայտարարված չէ: Այս մասին, «Արմենպրեսի» փոխանցմամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Արդեն այս պահին մենք ունենք 10-րդ դասարան ընդունվելու 600 դիմում, երբ դեռ պաշտոնապես չենք հայտարարել ընդունելության ընթացքի մասին: Եթե հաշվի առնենք, որ ավանդաբար այնտեղ ընդունել ենք 70 սան, ապա դա արդեն մոտ 9 դիմորդ է մեկ տեղի համար: Մենք ավելացնելու ենք ընդունելության տեղերի թիվը` հասցնելով այն մինչև 100-ի և վստահ եմ, որ ունենալու ենք շատ լուրջ մրցակցություն այդ տեղերում սովորելու համար»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը
Նախարարը դեռևս 2017-ի օգոստոսին հայտնել էր, որ այդ տարի վարժարան ընդունվել է 210 աշակերտ՝ հանրապետության բոլոր մարզերից: Իսկ դիմորդների քանակի ավելացման պարագայում, հնարավոր է ընդլայնել կրթահամալիրը:
Նշենք, որ ՊՆ նախաձեռնությամբ վարժարանը վերածվեց համալիրի և տեղափոխվեց Դիլիջան։ Վարժարանում մեկ տեղի համար եղել է մրցույթ (երեք դիմորդ` մեկ տեղի համար):