Աբխազիայի պաշտպանության նախարարը քննադատել է ԱՄՆ և դաշնակիցների հարվածները Սիրիայի ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել օգնել Սիրիայի իշխանություններին, այդ թվում՝ այնտեղ ռազմական մասնագետներ ուղարկելով:
Այս մասին հայտնում է աբխազական Apsny Press լրատվական գործակալությունը:
«Մենք դատապարտում ենք այդ միջադեպը և գնահատում ենք այն որպես մեծ պատերազմ ծավալելուն ուղված սադրանք: Աբխազիայի հանրապետության ԶՈւ-ն պատրաստ են պաշտպանել սիրիացի ժողովրդին և օժանդակել պրոֆեսիոնալ պատրաստված մասնագետներով, այդ թվում նաև օդաչուներով», – նշվում է Աբխազիայի ՊՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հարվածների հայտարարվող պատճառը Դումա քաղաքում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումն էր:
Ըստ Պենտագոնի՝ Սիրիայում թիրախավորվել է 3 ուղղություն՝ Դամասկոսում և Հոմսում։ Դամասկոսում թիրախավորվել է գիտահետազոտական կենտրոնը, որը, ըստ ամերիկյան կողմի, զբաղված էր քիմիական և կենսաբանական զենքի մշակմամբ, փորձարկումներով և արտադրությամբ։
Երկրորդ ուղղությունը Հոմս նահանգի արևմտյան մասում է, որտեղ թիրախավորվել է քիմիական զենքի պահեստ, իսկ երրորդը՝ դրա մերձակայքում գտնվող հրամանատարական կետ է, որը նույնպես, ըստ ամերիկյան կողմի, կապված է քիմիական զենքի հետ։